Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։
Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ ոստիկանության պարեկային ծառայության և ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։
ՆԳՆ-ն մարտի 26-ին զգուշացրել էր առատ տեղումների մասին և կոչ արել խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-ին և 28-ին Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսել էր առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։




































