Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին. դրանք իսրայելական սադրանքներ էին, փոխանցում է ՏԱՍՍ-ը Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունը։
«Մեզ հետ լավ հարաբերություններ պահպանող Թուրքիայի և Օմանի որոշ թիրախների վրա հարձակումները չեն իրականացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի կամ Դիմադրության առանցքի այլ ուժերի կողմից։ Սա սիոնիստական թշնամու կողմից օգտագործվող խորամանկություն է, որը սադրիչ մարտավարություն է կիրառում՝ Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև պառակտում ստեղծելու համար, և դա կարող է տեղի ունենալ նաև այլ երկրներում»,- Խամենեիի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։
Անկարան մարտի 4-ին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։ Ենթադրաբար, Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ Թուրքիայի օդային տարածք էր մտել մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 14-ին Թուրքիան հայտնել էր Իրանից արձակված երրորդ հրթիռը չեզոքացնելու մասին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:






































