Այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնան Իրանի «օրինական թիրախ», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին նշել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ ոչ մի երկիր իրավունք չունի «տրամադրել իր տարածքը և ռեսուրսներն ուրիշների կողմից ագրեսիվ գործողությունների համար»։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի պաշտպանական գործողություններն ուղղված են բացառապես ագրեսորների և Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող բազաների կամ օբյեկտների դեմ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը, նշել են, որ զրույցի ընթացքում Բայրամովն ընդգծել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի միջադեպի վերաբերյալ Իրանի կողմից հետաքննության ավարտի կարևորությունը։
Նա նաև շեշտել է «ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիան հնարավորինս արագ դադարեցնելու և առկա դժվարությունները դիվանագիտական միջոցներով լուծելու» անհրաժեշտությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։






































