Մայիսի 1-ից հանրապետության որոշ հասցեներում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումը կիրականացվի 3-4-ժամյա գիշերային ջրանջատումներով։ Այս մասին մարտի 3-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, ասել էր «Ջրային կոմիտեի» նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Պաշտոնյան հավելել էր, որ ավելի վաղ քննարկվող 7-ժամյա ջրանջատումների գրաֆիկը կրճատվել է հիմնականում երկու պատճառով։ Նախ՝ ջրամատակարարման համակարգում նախատեսվող պարտադիր կապիտալ աշխատանքներին նոր թափ են հաղորդելու, ինչպես նաև ուսումնասիրելու և համակարգին են միացնելու նոր հայտնաբերված ջրաղբյուրները։
Ջրանջատումներին քաղաքացիների արձագանքը միանշանակ չէ։ Armenia Today-ի կողմից իրականացված հարցման շրջանակում պարզվեց, որ շատերը բացասական են վերաբերում այս որոշմանը․ նրանք կարծում են, որ դա անհարմարություն կառաջացնի հատկապես գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց, ինչպես նաև՝ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ կենցաղային հարցերում, այն էլ՝ ամռան ամիսներին։
«Մարդիկ կան՝ երկրորդ հերթափոխով են աշխատում․ ինչպե՞ս են լողանալու»,- հարցնում է քաղաքացին։
Ջրանջատումները և դրանով պայմանավորված համակարգի բարելավումները որոշ քաղաքացիներ պայմանավորում են ամենուրեք կառուցվող բնակելի շենքերի մեծ քանակով։
«Շատացել են շենքերը, միացումները՝ ևս․ քաղաքը մեծանում է»,- ջրանջատումներն այս հանգամանքով պայմանավորեց մի քաղաքացի։
Մի քանի քաղաքացի դժգոհեց ոչ միայն ջրանջատման գրաֆիկից, այլև իրենց մատակարարվող ջրի որակից։
«Այնթափում ջուրը միշտ գնում ենք»,- փաստեց քաղաքացին։
«Ամռան ամիսներին Էրեբունու ջրից սարսափելի համ է գալիս»,- մտահոգություն հայտնեց Էրեբունի վարչական շրջանի քաղաքացին։
Հարցված քաղաքացիների մի մասն էլ կարծիք հայտնեց, որ գիշերային ժամերի ջրանջատումներն առանձնապես անհարմարություններ չեն առաջացնի։
«Այդ ժամերին ջրանջատումներն ինձ չեն խանգարի»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի մի քաղաքացի։
Այսպես մտածող քաղաքացիները նաև լիահույս են, որ ջրանջատումներն իրականացվում են համակարգը բարելավելու նպատակով։
«Ջրանջատումները խնայողության և լավ նպատակով են․ թող լինի»,- այսպես մեկնաբանեց քաղաքացին և չդժգոհեց։
Առջևում ամառ է, և թե դա իրականում ի՞նչ դժգոհություններ կառաջացնի քաղաքացիների շրջանում՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ ջրանջատումների այս ժամանակացույցը, ըստ Ղալամքարյանի, կտևի մինչև սեպտեմբերի 16-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։





































