Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայում անցկացվող Association of Tennis Professionals-ի՝ ATP 500 կարգի մրցաշարում՝ դուրս գալով երկրորդ փուլ, տեղեկանում ենք Flashscore-ից։
ATP 500 կարգի Dubai Duty Free Tennis Championships 2026 մրցաշարի 1/32 եզրափակչում Խաչանովը 2:1 հաշվով (6։7(5), 6։2, 6։3) հաղթել է Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Շևչենկոյին։ Մարզիկների հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ:
Հաջորդ փուլում աշխարհի 16-րդ ռակետը կմրցի ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի հետ, որն առաջին շրջանում հաղթել էր բելգիացի Զիզու Բերգսին: ATP-ի վարկանիշային աղյուսակում 16-րդ տեղն զբաղեցնող Խաչանովը 2025 թվականին հասել է Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչ և Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ:
Բրուքսբին, լինելով ATP-ի վարկանիշային աղյուսակի 46-րդ հորիզոնականում, դաստակի վիրահատություններից և երկար դադարից հետո շարունակում է վերադառնալ տուր:
ATP 500 մրցաշարը ներառված է Association of Tennis Professionals-ի վարկանիշային համակարգում, հաղթողը կստանա 500 միավոր։ 2026 թվականին ATP 500-ի մրցաշարում մենախաղի հաղթողը կստանա շուրջ 619 հազար, իսկ եզրափակչում պարտվողը՝ շուրջ 300 հազար դոլար։






































