Ֆլորիդայում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայր «չարտոնված մուտք գործելու պատճառով» ոստիկանությունը կրակել և սպանել է տղամարդու, տեղեկացրել է ԱՄՆ գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլյելմին: Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին։ Մահացածի ինքնությունը չի հրապարակվում, բայց հայտնի է, որ նա 20 տարեկան էր։ Ըստ տարածված հայտարարության՝ նրան տեսել են նստավայրի հյուսիսային դարպասի մոտ՝ ձեռքին որսորդական հրացան և վառելիքի բալոն։
Գաղտնի ծառայության գործակալները և շերիֆի տեղակալն սկզբում կոնտակտի են դուրս եկել նրա հետ, սակայն իրավիճակը շատ արագ սրվել է՝ վերածվելով բախման, և իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել։ Գաղտնի ծառայության գործակալներ կամ սպաներ չեն տուժել։




































