Շվեյցարիան կսահմանափակի իր դերը Ժնևում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններում՝ ապահովելով պատվիրակությունների մուտքն ու անվտանգությունը, և չի մասնակցի բանակցային գործընթացին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Շվեյցարիան, որպես հյուրընկալող երկիր, գործում է իր ավանդական «բարի ծառայությունների» շրջանակներում և ստանձնում է միայն կազմակերպչական և անվտանգային գործառույթներ։
Աղբյուրը նաև մանրամասնել է, որ Բեռնը չի լինի բանակցությունների կողմ և չի մասնակցի համաձայնագրերի բովանդակության քննարկմանը։
Աղբյուրի խոսքով՝ փետրվարի 17-ին Ժնևում, միաժամանակ, կկայանան բանակցություններ երկու ուղղությամբ՝ Ուկրաինա և Իրան։ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունները կանցկացվեն Օմանի միջնորդությամբ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-ին և 18-ին։





































