Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով տեսալսողական հաղորդումներում կարգելվեն սահմանադրական կարգը բռնի տալալելու կոչը, պատերազմի քարոզը, ինչպես նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների ծրագրերում միջամտությունը ՀՀ ներքաքաղաքական կյանքին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած նախագիծն ընդունվեց 58 կողմ, 26 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 3-ին տեղեկացրել էր, որ նոր խմբագրմամբ է ներկայացվում տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը սահմանող դրույթը:
Օրենքի փոփոխությամբ՝ կարգելվի նաև բռնություն և դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաև պոռնկագրություն տարածելը:
Առաջարկվել է նաև էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-06:00-ն:
Կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կդիմի իրավասու մարմինների:
«Փորձել ենք այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ հնարավորություն կտան փակել բոլոր ռիսկերը, իսկ խախտումների պարագայում հանձնաժողովի համար հստակ իրավական հենք կունենանք որևէ սանկցիա կիրառելու համար»,- ասել էր Հայրապետյանը:
Ընդդիմությունը քննադատել էր նախագիծը՝ հայտարարելով, որ ԱԺ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս փոփոխությունն իշխանությունը որպես մահակ է օգտագործելու՝ ճնշելու համար հեռուստաընկերություններին։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասուլիսում նշել էր, որ ԶԼՄ-ներին սահմանափակելու միտում չունեն։

































