Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայերի հարցը քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Երևանում կայացած բանակցությունների ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցը քննարկվել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և հետագայում տեղի ունեցած հայ-ամերիկյան բանակցությունների ժամանակ։
«Ես խնդրում եմ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձանից, բայց հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հայկական կողմը բարձրացրել և շարունակում է բարձրացնել հարցը բոլոր վերաբերելի բանակցություններում։
Պատասխանելով Բաքվում հայերի դեմ ադրբեջանական դատարանի կողմից կայացված դատավճիռների վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ դատավճիռները «շատ ցավալի են և ծանր» իր համար անձամբ՝ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական առումով։ Նա հավելել է, որ հակամարտությունն ունի իներցիա, որը հեշտությամբ չի կարելի կանգնեցնել։
Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և անլուծելի է հակամարտության մեջ։ Որպես օրինակ՝ նա բերել է Վագիֆ Խաչատրյանի վերադարձը հունվարին։ Վարչապետի խոսքով՝ առանց խաղաղության գործընթացի մթնոլորտի Խաչատրյանը չէր վերադառնա Հայաստան ո՛չ հիմա, ո՛չ էլ տեսանելի ապագայում։
«Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, և էմոցիոնալ առումով մեզ համար շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել և այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, երաշխավորում եմ, Խաչատրյանը չէր վերադառնա»,- ասել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


































