Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Մասնավորապես, նախագիծն ընդունելու դեպքում կարգելվեն սահմանադրական կարգը բռնի տալալելու կոչը, պատերազմի քարոզը: Օրենքում փոփոխություններն այսօր խորհրդարանական հանձնաժողովում ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ նոր խմբագրմամբ է ներկայացվում տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը սահմանող դրույթը: Կարգելվի նաև բռնություն և դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաև պոռնկագրություն տարածելը:
Հայրապետյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների իրագործման դեպքում կարգելվեն քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կդիմի իրավասու մարմիններ:
Առաջարկվել է նաև էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-06:00-ն:
Օրենքի նախագծով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը, պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների ու գովազդի հեռարձակումը:
Կարգավորող պետական մարմինն է սահմանելու տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները:
Օրենքի նախագծով արգելվում է նաև հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:
«Մենք փորձել ենք այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ հնարավորություն կտան փակել բոլոր ռիսկերը, իսկ խախտումների պարագայում հանձնաժողովի համար հստակ իրավական հենք կունենանք որևէ սանկցիա կիրառելու համար»,- ասել է Հայրապետյանը:
Տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո:
Օրենքի նախագծով սահմանվել է նաև «տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» հասկացությունը, որը գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ է: Իրավախախտումների համար սահմանվել են նաև տուգանքի ձևով պատժամիջոցներ, ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցում ու դադարեցում:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել՝ առաջարկելով այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



































