Դատարանը մերժել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ Արցախի լուծարման հրամանագիրն ստորագրվել է սպառնալիքի ազդեցության ներքո։ Այդ մասին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Շահրամանյանը 2025-ին դատական հայց էր ներկայացրել նախարարության և Հովսեփյանի դեմ՝ պահանջելով պատասխանողներին պարտավորեցնել հերքել դասագրքում արտացոլված՝ «ԼՂՀ նախագահն ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» տեղեկությունը։ Շահրամանյանը պատասխանողներից պահանջել էր հրապարակավ հայտարարել, որ տեղեկությունը կեղծ է և ոչ իրական։ Շահրամանյանը նաև պահանջել էր ՀՀ բոլոր դպրոցներում արգելել դասագրքի՝ նշված հատվածի ուսուցումը՝ մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը։
Փաստաբանը հայտնել է, որ հայցը մերժելուց զատ դատարանը մի քանի կարևոր արձանագրում է արել, որոնցից կարևորը հրամանագիրն առ ոչինչ համարելն է։
«Դատարանը հստակ արձանագրել է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է, այսինքն՝ անվավեր է հենց կայացման պահից, ընդ որում՝ դատարանը հղում է կատարել և՛ ներպետական, և՛ միջազգային իրավական ակտերի։ Դատարանն արձանագրել է նաև, որ ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,- ընդգծել է փաստաբանը։
Երիցյանը նաև տեղեկացրել է, որ նախարարության ուշադրությունն է հրավիրել մի շարք հանգամանքների վրա՝ արձանագրելով, որ տեղեկություններն ամբողջական արտացոլված չեն դասագրքում։ Այսինքն՝ դասագրքում չկա կամ թերի է ներկայացված այն հանգամանքը, որ տվյալ հրամանագիրն ընդունվել է ուժի կիրառման կամ դրա անմիջական սպառնալիքի պայմաններում։
Այսինքն՝ այս պարագայում աշակերտները չեն ստանում ամբողջական պատկեր, թե ինչ պայմաններում է կայացվել այդ որոշումը։
Դատարանը, սակայն, վերոնշյալ հանգամանքները, փաստաբանի խոսքով, չի դիտարկել որպես պատվի և արժանապատվության իրավական խախտում, այն ուղիղ արձանագրել է տեղեկատվության ոչ ամբողջական լինելը և հայցվորի մտահոգությունները համարել է հիմնավոր։ Երիցյանը կարծում է, որ որոշակիորեն արդարության հասել են։
«Իրականում՝ հայցը մերժվել է, բայց ճիշտ չէ ասել՝ Արցախի նախագահը պարտություն է կրել այս գործով։ Ճիշտ հակառակը՝ Արցախի նախագահը հասել է նրան, ինչը, փաստացի, ցանկացել է։ Այսինքն՝ մենք հասել ենք նրան, որ նշված հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ, որ դատական ակտով արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական և ճշգրիտ լինելը»,- հավելել է նա։
Փաստաբանն անդրադարձել է նաև մեկ այլ գործի՝ կապված ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի հետ։ 2025-ին դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել ԼՂ կառավարության սեփականության իրավունքը՝ Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ։
Փաստաբանը հայտնել է, որ դատարանը 6-րդ անգամ մերժել է Արցախի կառավարությանն այս գործով որպես երրորդ անձ ներգրավելու հայցը, թեպետ շենքն Արցախի Հանրապետության կառավարության սեփականությունն է։
«Արցախի Հանրապետության կառավարությունն ունի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, որի հիման վրա ունենք նաև վկայական։ Եվ այդ վկայականում հստակ արտացոլված է, որ գրանցված իրավունքի սուբյեկտ է համարվում ԼՂ կառավարությունը»,- հավելել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ սեփականությունը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Արցախի Հանրապետությունում։ Նրա խոսքով՝ ՀՀ լիազոր և իրավասու մարմինն է հաստատել սեփականության իրավունքը, մինչդեռ դատախազությունը վիճարկում է սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Երիցյանը բացատրել է, որ քննվում է սեփականազրկելու վերաբերյալ հարց՝ առանց կողմին մասնակից դարձնելու։
«Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք բոլորը սեփականազրկվել»,- նկատել է նա՝ հավելելով, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
Եզրափակելով՝ նա հայտնել է, որ Արցախի ներկայացուցչության հարցով վերջնական դատական ակտը կայացվելու է մայիսի 22-ին։ Եթե այն բավարարվի, փաստաբանի խոսքով, Արցախի բոլոր պաշտոնյաներին ՀՀ իշխանությունները կարող են դուրս հանել շենքի տարածքից։


























