Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների և ինքնապաշտպանության, սակայն չի ընդունի ԱՄՆ-ի թելադրանքը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրանը պաշտպանության բավարար ներուժ ունի և որևէ մեկի օգնության կարիքը չունի:
«Եթե հարձակում տեղի ունենա, մեր պատասխանը կլինի կոշտ և չափազանց հզոր»,- ընդգծել է նախարարը:
Արաղչին նշել է, որ իրական բանակցությունների համար անհրաժեշտ է վերացնել սպառնալիքների և ճնշումների մթնոլորտը, հավելել, որ առանց բանակցությունների շրջանակի, բովանդակության և կանոնների համաձայնության շուրջ առաջընթաց չի լինի։
«Բանակցությունները չեն կարող ճնշումների տակ ընթանալ։ Առանց փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների արդար համաձայնագիրը չի ստացվի»,- շեշտել է նա։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանի առաջնահերթությունը մնում է դիվանագիտությունը, և երկիրը պատրաստ է միջուկային բանակցություններին մասնակցել հավասար դիրքերում և փոխադարձ հարգանքի հիման վրա:
«Եթե բանակցությունները լինեն ազնիվ և արդար, Իրանը պատրաստ է մասնակցել։ Մենք ոչ մի դեպքում չենք ընդունի թելադրանքն ու պարտադրանքը»,- հայտարարել է Արաղչին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, իր հերթին, ասել է, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց վարքագիծը քաղաքացիների նկատմամբ, որպեսզի օտար ուժերին միջամտության առիթ չտան: Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ոխերիմ թշնամիները, այդ թվում՝ Իսրայելն ու արևմտյան երկրները, փորձում են հրահրել իրավիճակը երկրում և բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի:
«Մենք պետք է լսենք խաղաղ ցուցարարներին և լուծենք նրանց իրական խնդիրները, որպեսզի հնարավորություն չտանք ատելություն սերմանել»,- նշել է նախագահը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 30-ին հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ վարել Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ: Նշվում էր, որ Միացյալ Նահանգները բացի միջուկային ծրագրից հրաժարվելուց, Իրանից պահանջում է նաև սահմանափակել հրթիռային ծրագիրը, ինչին Թեհրանը դեմ է:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական գործողություն կդիտարկեն որպես լայնամասշտաբ հակամարտության սկիզբ և խոստացել էին պատասխանել հնարավորինս կոշտ:





































