Երևանցիները գնահատել են քաղաքային ենթակառուցվածքների որակը, ըստ որի՝ հարցվածների 29,6%-ն օդի աղտոտվածությունը համարում է քաղաքի ամենակարևոր խնդիրը, իսկ 26,5%-ը՝ տրանսպորտային խցանումները։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հունվարի 19-23-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները, որին մասնակցել է 601 քաղաքացի։
Կոմունալ ոլորտների վերաբերյալ պատկերը գնահատելիս երևանցիները նշել են․ ճանապարհների վատ վիճակը, որպես խնդիր, հարցվածների 22,6%-ը, աղբահանության խնդիրը՝ 16,3%-ը, իսկ հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները՝ 15%-ը։ Ավելի ցածր ցուցանիշներ են արձանագրվել հետևյալ ոլորտներում․ ձնամաքրման աշխատանքների անբավարարության մասին նշել է 8,7%-ը, մաքրության խնդիրներ՝ 7,8%-ը, գնաճ և ինֆլյացիա՝ 8%-ը, տրանսպորտի նոր վճարման համակարգի խնդիրներ՝ 4,7%-ը, ապօրինի շինարարություն՝ 4,2%-ը, հանցագործության աճ՝ 3,7%-ը։
Հարցվածների 82%-ը նշել է, որ 2025 թվականին տրանսպորտային խցանումներն ավելացել են։ Միայն 4,5%-ն է արձանագրել, որ դրանք նվազել են, իսկ 11,6%-ը մատնանշել է, որ իրավիճակը մնացել է անփոփոխ, ինչը նույնպես դիտարկվում է բացասական համատեքստում։
Քաղաքացիների 52%-ը կարևորում է կանաչ տարածքների ավելացումը։ 32,9%-ը նշել է մանկական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը, 31,6%-ը՝ մաքրության կազմակերպումն ու շաբաթօրյակների անցկացումը, իսկ 30%-ը՝ խաղահրապարակների կառուցումը։ Մշակութային ծրագրերի պակաս է նկատում հարցվածների 25,1%-ը, իսկ սպորտային ծրագրերի իրականացման անհրաժեշտություն՝ 20,1%-ը։
Ըստ վարչական շրջանների՝ օդի մաքրության հետ կապված ամենացածր գնահատականը գրանցվել է Նուբարաշենում՝ 5 բալանոց սանդղակով միջինը 1,3 միավոր։ Արաբկիրի բնակիչները տվել են 1,7 միավոր, իսկ Կենտրոն վարչական շրջանի բնակիչները՝ 1,8 միավոր։
MPG/Gallup International Association-ի տվյալներով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը բնակիչները գնահատել են միջինը 3,3 միավոր՝ 5 բալանոց սանդղակով։ Հարցվածների հիմնական դժգոհությունը վերաբերում է ձնամաքրման աշխատանքների տեմպերին։
Փողոցների մաքրությունը քաղաքացիները գնահատել են միջինը 3 միավոր, մայթերի մաքրումը՝ 2,4 միավոր, իսկ բակերի մաքրությունը՝ 2 միավոր։
Երևանի ավագանու աշխատանքը, ըստ խմբակցությունների, ստացել է հետևյալ գնահատականները․ «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ 2,6 միավոր, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 2,4 միավոր, «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները՝ 2,2 միավոր, իսկ «Հանրապետություն» խմբակցությունը՝ 2 միավոր։




































