Այսօր՝ հունվարի 28-ին. լրանում է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նորանկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ Նա Հայոց բանակի ստեղծման գաղափարական ու կազմակերպչական առանցքային գործիչն էր։
Նրա դերակատարումը ոչ միայն ռազմական էր, այլև քաղաքական ու պետական մտածողության․ բանակը նրա համար անկախ պետության հենասյունն էր։ Հանրային գիտակցության մեջ նա ընկալվում է որպես «Հայոց բանակի հիմնադիր հայրերից մեկը», իսկ շատերի համար՝ հենց հիմնական խորհրդանիշը։
1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։ Արդեն 1994 թվականի հունիսից ամբողջ ծավալով մեկնարկել էին բանակաշինության գործընթացները՝ կայուն զարգացման ապահովման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, ինչպես նաև միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման ուղղություններով։
Հայոց ազգային բանակի կազմավորման հիմքում առաջնահերթ նշանակություն ուներ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի իրական երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էր դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը, ինչպես նաև Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։
1992-1993 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորման արդյունքում ձևավորվել էր շարժունակ և կարգապահ բանակ։ Հայաստան էին վերադարձել հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին Խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցրել բանակաշինության և հայրենիքի անվտանգության ապահովման գործին։ Հետագա տարիներին ստեղծվել էր սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը, ամրապնդվել բանակի նյութատեխնիկական բազան։
34 տարի անց Հայաստանի գործող իշխանությունները, առաջնորդվելով խաղաղության օրակարգով, իրականացրել են պաշտպանական ոլորտում մի շարք փոփոխություններ՝ կրճատելով բանակի բյուջեն և պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։
Վերջին շրջանում քննարկումների թեմա է դարձել հատկապես Հայաստանի զինված ուժերի բյուջեի կրճատումը։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ փոփոխությունները պայմանավորված են ռեսուրսների վերաբաշխման, ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացման և պաշտպանական ծախսերի օպտիմալացման անհրաժեշտությամբ։
Միաժամանակ, փորձագիտական և հանրային շրջանակներում շեշտվում է, որ բյուջետային որոշումները պետք է համադրելի լինեն տարածաշրջանային անվտանգային միջավայրի և բանակի առաջ կանգնած մարտահրավերների հետ՝ ապահովելով Զինված ուժերի մարտունակությունն ու զարգացման շարունակականությունը։ Ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմադիր և հասարակական շրջանակները չեն կիսում այն տեսակետը, թե Հայաստանի առջև կանգնած անվտանգային մարտահրավերներն արդեն անցյալում են՝ որպես օրինակ մատնանշելով Ադրբեջանը, որը շարունակում է ավելացնել իր պաշտպանական ծախսերը։
Զինծառայության համակարգում ևս արձանագրվել են փոփոխություններ․ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կրճատվել է մինչև մեկուկես տարի։ Ներդրվել է նաև գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու օրինագիծ, որն իշխանությունները ներկայացնում են որպես ծառայության համակարգի ճկունացման և պետական եկամուտների ձևավորման մեխանիզմ։ Միաժամանակ, հանրային ու փորձագիտական շրջանակներում բարձրացվում են հարցեր դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ՝ զինված ուժերի համալրման և սոցիալական արդարության տեսանկյունից։
Հայոց բանակն իր պատմության ամբողջ ընթացքում անցել է ծանր ու դժվար ճանապարհով, սակայն անկախ բոլոր փորձություններից, կորուստներից ու մարտահրավերներից՝ շարունակում է կանգուն մնալ հայ զինվորի ամուր բռունցքի և անկոտրուն ոգու շնորհիվ։
Շնորհավորում ենք բոլոր զինծառայողներին Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Փառք ու պատիվ, նաև երախտագիտություն ու խոնարհում՝ մեր անձնվեր հերոսների հիշատակին։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։
Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր։
Կարդացեք նաև՝
«Նվիրեցին ամենաթանկը»․ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր




































