Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել եպիսկոպոս Գևորգ Սարոյանին, ով նախկինում ազատվել էր Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, հայտնել են Մայր Աթոռից։
Նշվում է, որ կարգալուծության համար հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով թեմի բնականոն գործունեությանը և դատական հայցով «առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար»։
«Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 27-ին՝ ավելի վաղ, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կաթողիկոսին առաջարկել էր կարգալույծ հռչակել Սարոյանին։ Խորհուրդը նաև խստորեն դատապարտել էր ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրել, որ դրանք ՀՀ սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։ Խորհուրդն անդրադարձել էր նաև եկեղեցու վերաբերյալ իշխող կուսակցության առաջարկած օրինագծերին, մասնավորապես, հողամասերին և պատմամշակութային հուշարձաններին վերաբերող նախագծերին: Խորհուրդը հանդես էր եկել պաշտամունքային հուշարձանների օտարումն ամբողջությամբ արգելելու օգտին՝ անկախ դրանց սեփականության ձևից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը։





































