Իշխանության ներսում լուրջ կասկածներ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ոմանք համոզված են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձևավորումը։
Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները հայտարարել էին Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, հավելել է պարբերականը:
Ըստ թերթի՝ Բարենորոգման խորհուրդն այդ մարդկանց կգրանցի իբրև կրոնական հերթական կազմակերպություն, երբ ՀՀ-ում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություն է գործում։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:






































