ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հունվարի 14-ին Բաքվից չորս հայ գերիի վերադարձի մասին, այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Փաշինյանը նշել է, որ նրանց թվում են Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։
«Քիչ առաջ նրանք Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- գրել է Փաշինյանը։
Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ Սուջյանը, Դավթյանը, Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Խաչատրյանի առողջական վիճակը, Փաշինյանի փոխանցմամբ, նախնական գնահատվում է բավարար։ Վարչապետը հավելել է, որ նրանք տեղափոխվում են Երևան։
ԱԱԾ-ն հայտնել է, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Չորս հայ ռազմագերիներից երեքը գերեվարվել էին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, իսկ մեկը՝ դրա ավարտից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակ: Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը, դեպի Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս:
Սուջյանն այնտեղ էր ուղևորվում որպես բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ: Ադրբեջանում երկուսն էլ դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման՝ «զենքի ապօրինի պահման» և «լրտեսության» մեղադրանքներով:
Լիբանանահայ Էուլջեքջյանը բերման էր ենթարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշիում՝ մարտական գործողությունների ավարտի հաջորդ օրը: 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանության» և «ահաբեկչության» մեղադրանքներով:
Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Հակարիի կամրջի մոտ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս: Նա անցնում էր 1991 թվականի դեկտեմբերի 22-ի ենթադրյալ «ցեղասպանության» գործով:
2025-ին լրատվամիջոցները գրել էին, որ հայ ռազմագերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների շրջանակում ադրբեջանական կողմը ներկայացրել էր փոխադարձ պայմաններ՝ պահանջելով ազատ արձակել Արցախի դեմ ագրեսիայի և միջազգային ահաբեկչության գործով ցմահ դատապարտվածներ Սիրիայի երկու քաղաքացու՝ Յուսեֆ Ալաաբետ ալ-Հաջիին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։





































