Դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Հաղորդավարներն անազատության մեջ են գտնվում 2025 թվականի նոյեմբերի 14-ից (մոտ 2 ամիս)։
Դատարանի որոշման հրապարակումից հետո Սամսոնյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ ի նշան բողոքի իրենց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման։ Հաղորդավարներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
«Իրավական խուլիգանությունը մեր երկրում երբեք այսքան տգեղ մասշտաբներով չի դրսևորվել։ Սամսոնյանը մտադիր չէ համակերպվել անօրինականության հետ: Հայաստանում խոսքի ազատության և իշխանական քմահաճույքների լռության դեմ պայքարը շարունակվում է»,- հայտարարել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական գործընթացը որակել է «ձևականություն և կեղծիք»:
Փաստաբան Արսեն Բաբայանն էլ պարզաբանել է, որ Վերաքննիչ դատարանը փաստացի ճանաչել է, որ ի սկզբանե խափանման միջոց կալանքը սխալ է ընտրվել և պետք է փոխարինվեր տնային կալանքով: Հետևաբար, ըստ նրա, դատավորը պետք է, ըստ էության, քններ ոչ թե կալանքը երկարաձգելու հարցը, որն արդեն սխալ է ճանաչվել, այլ տնային կալանքի միջոցը երկարաձգելու կամ փոփոխելու հարցը:
«Ինձ համար այն ամենը, ինչ տեղի է ունենում, չգիտեմ, աբսուրդ է, իրավունքի շրջանակներից դուրս։ Նման պայմաններում ընդհանրապես ինչպե՞ս կարելի է երկարաձգել կալանքը»,- ասել է Բաբայանը:
AntiFake-ի հիմնադիրները կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Ձերբակալվել էր նաև կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Սա Սաղաթելյանի և Սամսոնյանի երկրորդ կալանքն է նույն քրեական գործի շրջանակներում։ Նրանք 2024 թվականի գարնանն արդեն երկու ամիս անցկացրել էին անազատության մեջ (մարտի 22-ից մինչև մայիսի 21-ը)։ Այն ժամանակ դատարանը նրանց ազատ էր արձակել գրավի և վարչական հսկողության կիրառմամբ։




































