Միացյալ Նահանգները պատրաստ է կառավարել Վենեսուելան մինչև «իշխանության իրավաբանորեն պատշաճ փոխանցումը», ըստ ՌԲԿ-ի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Կառավարելու ենք երկիրը մինչև ապահովենք իշխանության անվտանգ, կարգավորված և ողջամիտ փոխանցումը։ Մենք չենք ուզում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը միջամտում է և նույն խնդրին բախվում»,- ասել է Թրամփը։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ կառավարությունն «ստիպելու է շատ խոշոր նավթային ընկերություններին միլիարդավոր դոլարներ ներդնել [Վենեսուելայի] նավթային ենթակառուցվածքների վերականգնման մեջ և սկսել գումար վաստակել երկրի համար»։
ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև գործընկերությունը, ըստ ԱՄՆ նախագահի, վենեսուելացիներին կդարձնի «հարուստ, անկախ և անվտանգ»։
Թրամփը պնդել է, որ չի կանխատեսում որևէ դժվարություն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Վենեսուելայում գործողության հետ կապված։ Նա նաև հայտարարել է, որ Վենեսուելայի հարցը չի քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայից փոխհատուցում կպահանջի ամերիկյան նավթային ընկերությունների համար։
Թրամփը և Սպիտակ տունը հրապարակել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա, որն ուղևորվում է Նյու Յորք։
ԱՄՆ-ն այսօր՝ հունվարի 3-ին, հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են ու դուրս բերվել երկրից: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Մադուրոյին և նրա տիկնոջը այնուհետև մեղադրանք էր առաջադրվել ԱՄՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։






































