Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, հաղորդում է Ekhokavkaza-ն:
Նրա ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ։
Ինչպես հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը, հետաքննությունը պարզել է, որ Ախալայան հոկտեմբերի 4-ի իրադարձությունները ղեկավարել է ինտերնետային հավելվածների միջոցով։
«Ինտերնետ հավելվածների միջոցով տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսային ինտերնետային հաղորդակցություններ, մասնավորապես՝ գրանցվել է, ընդհանուր առմամբ, 343 ինտերնետային սեսիա»,- նշել է ծառայությունը:
Ախալայան հոկտեմբերի 10-ին որպես վկա հարցաքննվել էր Կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունում հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հարցաքննությունը կապված էր արտահոսած հեռախոսային ձայնագրության հետ, որն արտացոլում էր մեղադրվող Պաատա Բուրչուլաձեի և Ախալայայի միջև զրույցը:
Հանրահավաքը տեղի էր ունեցել ՏԻՄ ընտրությունների օրը՝ «կառավարության խաղաղ տապալում» կարգախոսով:






































