Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի վթարը հետաքննող հանձնաժողովը հայտարարել է, որ միջադեպի պատճառների վերաբերյալ իր եզրակացությունները կներկայացվեն Ղազախստանի տրանսպորտի նախարարության կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միջադեպի պատճառների կամ նպաստող գործոնների, ինչպես նաև թռիչքի անվտանգության առաջարկությունների վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում»,- ասվում է Տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Վթարի հետաքննության ավարտի ամսաթիվը կախված է բոլոր հանձնարարված ուսումնասիրությունների և աշխատանքների ավարտից, նշվում է հայտարարության մեջ։
Հանձնաժողովն սպասում է կենտրոնական սպասարկման համակարգչային կասետի ուսումնասիրության ավարտին և հակամարտության գոտիների վրայով կամ դրանց մոտ թռիչքների ռիսկերի գնահատման վերլուծության աշխատանքային խմբի զեկույցի պատրաստմանը։
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ հանձնաժողովի նպատակը «որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության չափը որոշելը չէ»։
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ, ըստ նախնական եզրակացության, ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքություն չէ, կործանումը տեղի է ունեցել արտաքին միջամտության՝ հարվածի հետևանքով։ Ըստ եզրակացության՝ ներքին պայթյուն չի արձանագրվել, թթվածնային բալոնները վնասված չէին։
Նշվում է նաև, որ ինքնաթիռում հայտնաբերվել են օտար մետաղական տարրեր, որոնք գնահատվել են որպես պայթուցիկ սարքի բեկորներ։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Azerbaijan Airlines-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում կար 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով 37 մարդ զոհվել էր։






































