Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը («Շողակաթ» հեռուստաընկերություն-խմբ.) լուծարելու նախագծին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծի հիմնավորմամբ՝ լուծարման հիմք է հանդիսացել 2025 թվականի հոկտեմբերին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունը։
Ազգային ժողովի ընդունած փոփոխություններով՝ հանրային հեռարձակողների թիվը հունվարի 1-ից երեքից կկրճատվի երկուսի: Ներկայումս «Շողակաթը» հանրային հեռարձակողի կարգավիճակ ունի: Միաժամանակ՝ վերացվում է կրթական և մշակութային ծրագրերի պարտադիր առկայության պահանջը։
Օրինագիծը հեղինակած իշխանության ներկայացուցիչները նշել էին, որ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային և թիրախային օգտագործելն է: Մինչդեռ հասարակական կազմակերպությունները, ընդդիմությունը հեռուստաընկերության առնչվող օրինագիծը պայմանավորել էին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ իշխանությունների գործողություններով։
Կարդացեք նաև՝




































