Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների տարեկան պարգևավճարների հաշվարկման նոր կարգը դժգոհություն է առաջացրել շարքային աշխատակիցների շրջանում՝ էական անհամապատասխանության պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նախարարի երեք տեղակալ տարեկան կստանա 4,8 միլիոն դրամ պարգևավճար։ Նախարարի խորհրդականները, վարչության պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության ղեկավարը և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյա կստանան 2,6 միլիոն դրամ։ Այս խմբի համար ընդհանուր պարգևավճարները, ըստ աղբյուրի, կկազմեն 146,3 միլիոն դրամ։
Շուրջ 50 վարչության պետի տեղակալներ և վարչության պետեր կստանան 1,2 միլիոն դրամ։
Միևնույն ժամանակ՝ թերթը պնդում է, որ շարքային քաղաքացիական ծառայողները կստանան 62 000-145 000 դրամ պարգևավճար։ Հարկային պահումներից հետո իրական գումարն, աշխատողների խոսքով, կկազմի մոտավորապես 50 000-90 000 դրամ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարման վերին և ստորին մակարդակների միջև վճարումների հարաբերակցությունն անհամաչափ է թվում։
«Հրապարակի» աղբյուրը նշել է, որ նախարարությունն այս պրակտիկան դիտարկում է որպես նախընտրական շրջանում հավատարմության գործիք և այն անվանել է «օրինականացված ընտրակաշառք»։
Տարեկան պարգևավճարներից բացի, նախարարության աշխատակիցները կստանան նաև, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ»՝ 600 000-700 000 դրամի չափով։ Աղբյուրի խոսքով՝ այս ամենն ավելացրել է նախարարության ներքին լարվածությունը պաշտպանության ոլորտում առկա խնդիրների ֆոնին։
«Խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում։ Բանակի բերնից կտրում՝ իրենց գրպանն են լցնում։ Թե ի՞նչ է կատարվում սահմանին, ի՞նչ վիճակում են դիրքերը, իրենց հետաքրքիր չէ»,- հավելել է թերթի աղբյուրը։
Հրապարակման պահին Պաշտպանության նախարարությունը որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել պարգևավճարների հաշվարկման նոր ընթացակարգի կամ վճարումների բաշխման չափանիշների վերաբերյալ։ Armenia Today-ը հարցում է ուղարկել ՊՆ մամուլի ծառայությանը։





































