Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ «ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար»։
«Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է»,- ասել Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ հասունացել է երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը։ Փաշինյանը նկատի ուներ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ։
«Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց, կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Փաշինյանը։
Նա ներկայացրել է նաև TRIPP նախագիծը, որը, ըստ նրա, առնչվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։
ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները։ Ըստ Պուտինի՝ երկրների միջև առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, 2024թ․ այն գերազանցել է 11 մլրդ-ը, այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 4,5 մլրդ։
«Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ քննարկել են ատոմային էներգետիկան, լոգիստիկայի ոլորտը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Պուտինն առանձին շփումներ կունենա Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։




































