Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման ֆոնին դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չկա, սակայն 20%-ից ավել բացակայություն ունեցող դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման, հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ կրթության ոլորտի գործընկերների հետ որոշվել է մի կողմից պաշտպանել սովորողների առողջությունը, մյուս կողմից՝ չխաթարել դասապրոցեսը։
«Ընդհանուր առմամբ՝ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն, և այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում: Ուզում եմ դուք իմանաք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք լինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք»,- հայտարարել է նախարարը։
Ավանեսյանը նաև հորդորել է պատվաստվել այն քաղաքացիներին, ովքեր չունեն ախտանիշներ։
«Այսօր շրջանառվող գրիպի շտամը ատիպիկ է և բավական ագրեսիվ, պատվաստանյութում առկա հակամարմինները, վստահ եղեք, պաշտպանիչ շերտ կձևավորեն, և չեք վարակվի այս տարվա ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք»,- պարզաբանել է Ավանեսյանը։
Դեկտեմբերի 5-ին Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են:





































