ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կանխող բանաձևը՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, հայտնում է Associated Press-ը։
Անվտանգության խորհրդի նախագահող Հարավային Կորեայի կողմից առաջարկված բանաձևը փորձում էր կանխել պատժամիջոցների ուժի մեջ մտնելը սեպտեմբերի վերջին՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված մեխանիզմի շրջանակներում։ Բանաձևին աջակցել են Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և Ալժիրը։
Հնարավոր պատժամիջոցները ներառում են սովորական զենքի վրա էմբարգո, բալիստիկ հրթիռների մշակման սահմանափակումներ, ակտիվների սառեցում, ճանապարհորդության արգելքներ և միջուկային տեխնոլոգիաների արգելք։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քվեարկությունից հետո արված հայտարարության մեջ նշել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը «իրավական կամ տրամաբանական հիմք չունի»։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է երկրի շահերն ու իրավունքները պաշտպանելու իր հանձնառությունը, այդ թվում՝ դիվանագիտական միջոցներով և հայտարարել, որ իրավունք ունի համապատասխան ձևով արձագանքել ցանկացած անօրինական գործողության։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել:
Եվրոպական երկրները պահանջել էին, որ Թեհրանը վերսկսի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը, ինչպես նաև բանակցություններ վարի Միացյալ Նահանգների հետ։





































