ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան Համաս շարժմանը կոչ է արել Գազայի խաղաղության համաձայնագրի համար ընդունել ԱՄՆ պայմանները՝ հավելելով, որ սա «վերջին նախազգուշացումն» է։
«Բոլորը ցանկանում են, որ պատանդները տուն վերադառնան։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Իսրայելցիներն ընդունել են իմ պայմանները։ Ժամանակն է, որ Համասը նույնպես ընդունի դրանք։ Ես զգուշացրել եմ նրանց հրաժարվելու հետևանքների մասին։ Սա իմ վերջին նախազգուշացումն է, այլ նախազգուշացում չի լինի»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Իսրայելի պաշտպանության բանակը սեպտեմբերի 6-ին Գազայի մի քանի թաղամասի բնակիչներին բազմահարկ շենքերի ուղղությամբ սպասվող հարվածներից առաջ տարհանման կոչ էր արել։
Օգոստոսի կեսերին Իսրայելը նոր հարձակում էր սկսել Գազայի հատվածի քաղաքային մասի վրա՝ այն ամբողջությամբ գրավելու ծրագրով։ Իսրայելն օգոստոսի 28-ին դադարեցրել էր մարտավարական հրադադարը՝ Գազա քաղաքը հայտարարելով վտանգավոր մարտական գոտի:





































