Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Մեծ Իսրայել» արտահայտությունը և Գազայից տարհանման որոշումը որակել որպես ռազմական հանցագործություն, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է սիոնիստական ռեժիմի որոշումը՝ Գազա քաղաքը լքելու և նրա բնակիչներին ու անօգնական փախստականներին բազմիցս տեղահանելու վերաբերյալ», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը, Իսրայելի կողմից Գազայի բնակիչներին բռնի տեղահանելու որոշումը «ռազմական հանցագործության և մարդկության դեմ հանցագործության հստակ օրինակ է», որի նպատակը ոչ այլ ինչ է, քան «ցեղասպանության ծրագրի իրականացում և Պաղեստինի՝ որպես անկախ ազգի ոչնչացում»։
Իրանը մատնանշել է միջազգային հանրության՝ մասնավորապես իսլամական երկրների կողմից անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը՝ պաղեստինցի ժողովրդի դեմ պատերազմն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ:
Գազայում պատերազմը սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին:





































