Իրավապահները Բագրևանդ թաղամասում կիբեռխարդախությամբ զբաղվող ենթադրյալ հանցավոր կազմակերպություն են հայտնաբերել, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ իրավապահների վարկածի՝ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ այդ տարածքում իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են խմբի անդամների ինքնությունը, քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Տարածքի մուտքն օտար անձանց համար սահմանափակելու նպատակով հատուկ պահպանություն է սահմանվել, նշել են ՆԳՆ-ում։
Հունիսի 15-ին իրականացված անակնկալ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էին թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա նույնականացման քարտեր, բջջային հեռախոսներ ու հեռախոսահամարներ։ Բացի այդ, խմբի անդամներից մեկի մատնանշմամբ շինություններից մեկում հայտնաբերվել էր երկու ատրճանակ և փամփուշտներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հարուցվել է քրեական գործ։
Մայիսին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր կիբեռհափշտակությունների շղթայի և փոխկապակցված սխեմաների բացահայտման մասին։




































