Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ պատրաստ է հետևել հրադադարի պայմանավորվածությանը, բայց որոշակի վերապահումներով, հայտնում է AFP-ն:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսսաուին գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ շարժումն «զգուշավորությամբ» կպահպանի հրադադարը՝ պայմանով, որ Իսրայելը լիովին դադարեցնի մարտական գործողությունները և չօգտագործի այս դադարը թիրախային սպանությունների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի հաստատման մասին։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Իրանի դեմ պատերազմին հաջորդած՝ Լիբանանում հակամարտության սրացումից վեց շաբաթ անց, կգործի տասը օր։
Թրամփը հրադադարի մասին տեղեկացրել էր Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո։ ԱՄՆ նախագահը երկու առաջնորդներին էլ հրավիրել էր Սպիտակ տուն՝ հետագա քննարկումների համար։ Լիբանանի կառավարությունը, որը հակամարտության անմիջական կողմ չէ, հանդես է գալիս դեէսկալացիայի օգտին։
Իսրայելական կողմը պաշտոնապես դեռ չի հաստատել հրադադարի մանրամասները, սակայն, ինչպես հայտնել է Haaretz պարբերականը, Նեթանյահուն հրահանգել է բանակին պահպանել ցամաքային ուժերի ներկայությունը Լիբանանի հարավում՝ զինադադարի ողջ ընթացքում։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ վարչապետը նախարարներին հայտնել է, որ ընդառաջել է Թրամփի խնդրանքին՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։
Իրադարձությունների հետագա զարգացման և տևական խաղաղության հասնելու համար Թրամփը հատուկ աշխատանքային խումբ է ձևավորել։ Ինչպես նշել է The Associated Press գործակալությունը, նա հանձնարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին համակարգել գործընթացն Իսրայելի և Լիբանանի հետ։
Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը նոր թափ էր ստացել 2025 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» կրակ էր բացել Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Թեհրանի, ինչին հետևել էր իսրայելական ուժերի առաջխաղացումը Լիբանանի տարածքում։




































