Իրանը և ԱՄՆ-ն, Օմանի միջնորդությամբ, Ժնևում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացրել, հայտնում է Reuters-ը։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի խոսքով՝ կողմերը բանակցությունների ընթացքում «նշանակալի առաջընթաց» են գրանցել։ Նախարարը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը նախատեսում են վերսկսել բանակցություններն իրենց մայրաքաղաքներում խորհրդակցություններից կարճ ժամանակ անց, իսկ տեխնիկական բանակցությունները նախատեսված են նաև հաջորդ շաբաթ՝ Վիեննայում։
Բանակցությունների շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին և ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշներն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների երկու նիստ են անցկացրել։
ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ բանակցությունները «դրական» են անցել։ Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության աղբյուրի, ամերիկյան կողմը «հիասթափված» էր Իրանի դիրքորոշումից բանակցությունների առավոտյան նիստի ժամանակ, որի ընթացքում իրանական կողմը ներկայացրել էր միջուկային համաձայնագրի նախագիծ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել է, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:
































