«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը 2026 թվականից կսահմանի կրթաթոշակ 100 ուսանողի համար: Կրթաթոշակները կփոխհատուցեն նրանց առաջին տարվա ուսման վարձը: Կրթաթոշակն ստանալու համար կընտրվի տասը ուսանող Հայաստանի յուրաքանչյուր մարզից: Այս մասին հայտնել է Սամվել Կարապետյանի որդի Սարգիս Կարապետյանը՝ իր պապիկին (Սարգիս Կարապետյան, 1932–2025) և նրա ժառանգության շարունակությանը նվիրված «Հերոսներն ապրում են հավերժ» ֆիլմում:
Սարգիս Կարապետյանը ֆիլմում պատմում է, որ պապն ամբողջ կյանքը նվիրել է ուսուցչությանը և 45 տարի Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի դպրոցի տնօրենն էր: Երկրաշարժից հետո դպրոցը վերակառուցվել էր նրա անմիջական մասնակցությամբ:
«Տասնյակ տարիներ հազարավոր երեխաներ ունեցել են հնարավորություն կրթություն ստանալ այստեղ՝ իմ պապիկի աջակցությամբ: Իմ կարծիքով՝ հերոսությունը կարող է ունենալ նաև այս տեսքը»,- ասել է Սարգիս Կարապետյանը:
Նշելով նրա ժառանգությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ Կարապետյանը խոսել է հիմնադրամի՝ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրի մասին: Նա ընդգծել է, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:
Սամվել Կարապետյանի դուստր և «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը ֆիլմում այցելում է «Հայ մայրեր» հիմնադրամի վերականգնողական կենտրոն: Այցի ընթացքում նա զրուցում է հիմնադրամի հիմնադիր Նարինե Մանուկյանի հետ, ով պատմում է հիմնադրամի ստեղծման պատմության մասին՝ գլխուղեղի աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար:
Տաթևիկը երեխաների հետ դիտում է «Հայ Դավիթ» մուլտֆիլմը՝ հիշեցնելով, որ Կարապետյանների ընտանիքը կկրկնապատկի ֆիլմի ցուցադրությունից ստացված ողջ հասույթը «Սինեմա Սթար»-ում և կնվիրաբերի «Հայ մայրեր» հիմնադրամին:
«Հայ Դավիթ» մուլտֆիլմի պրեմիերան Հայաստանում կկայանա դեկտեմբերի 4-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։




































