Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) 2023 թվականից գործել է հատուկ ստորաբաժանում, որտեղ աշխատանքի են անցել Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված Արցախի ԱԱԾ նախկին պաշտոնյաները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ այս ստորաբաժանման միջոցով վերահսկվել են արցախցի գործիչների տեղաշարժերն ու շփումները։ Թերթի տեղեկություններով՝ արցախցի նախկին պաշտոնյաներին ներգրավել են, որ արցախյան շրջանակներում տիրող տրամադրությունների և զարգացումների վերաբերյալ իշխանություններին օպերատիվ տեղեկատվություն փոխանցեն։
Թերթի փոխանցմամբ՝ նմանատիպ ներգրավվածություն կար «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավետիսյանի («Կանդազ») գործով։ Վերջինս ապրիլի 27-ին երկու ամսով կալանավորվել էր՝ կաշառք խոստանալու փորձի մեղադրանքով։
Հետախույզը մեղքը չի ընդունում, և ի նշան բողոքի՝ ապրիլի 29-ին հացադուլ էր հայտարարել։


























