Բաքուն «ներկայիս պայմաններում» անհնար է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ներկայիս պայմաններում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանն ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»,- նրա խոսքերն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը, միաժամանակ, նշել է, որ Ալիևը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր դեռևս չի ստացել։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին հրավիրել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։






































