Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանն ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ, այո՛, նրանք ստորագրել են այն իմ ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս փաստաթուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի»,- ասել է Աբրահամյանը։
Միության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ այս համաձայնագրերը լինեն իրավաբանորեն պարտադիր։
«Բայց այս փաստաթղթերը որևէ իրավական դեր չեն խաղում։ Սա շատ կարևոր է։ Համաձայնագրերը պետք է իրավաբանորեն պարտադիր լինեն, միջազգային իրավաբանները պետք է աշխատեն այդ փաստաթղթերի շուրջ, պետության շահերը պետք է պաշտպանվեն։ Սա նշանակում է, որ նա Փաշինյանը չի պաշտպանում պետության շահերը»,- նշել է Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը ներկայումս օգտվում են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից։
«Թրամփը հաղթեց, որովհետև հայտարարեց. տեսեք, ես դադարեցրի պատերազմը, նրանք 35 տարի կռվեցին։ Եվ երկրորդ հաղթողն Ադրբեջանն է, նա ստացավ այն, ինչ պետք է ստանար»,- բացատրել է Աբրահամյանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։



























