Հայաստանն ու Ադրբեջանն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նախարարի խոսքով՝ կողմերն անկեղծորեն ձգտում են խաղաղության հասնել։
«Վերջնական համաձայնագրի կնքմամբ տարածաշրջանը շատ ավելի կայուն կդառնա»,- նշել է նա։
Ֆիդանը շեշտել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է առաջ մղել նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման գործընթացը և ամրապնդել տարածաշրջանային կապերը։
Թուրքիայի ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է «Միջին միջանցքի» և «Զանգեզուրի միջանցքի» դերը։ Նրա ձևակերպմամբ՝ այդ նախագծերն առանցքային նշանակություն ունեն առևտրի և էներգետիկ անվտանգության համար։
«Վերջնական համաձայնագրի դեպքում մենք դրական զարգացումներ ենք անկնալում հաղորդակցությունների, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ոլորտներում»,- հավելել է Ֆիդանը։
Դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայ-ադրբեջանական հարաբերություններին ապրիլի 17-ին անդրադարձել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան փուլ առ փուլ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ համակարգված գործողություններով։
Ֆորումին Հայաստանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջիի հետ կայացած հանդիպմանը քննարկել էր երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորությունները։



































