Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ երկիրը ծրագրում է դեսպանություն բացել Հայաստանում։ Հայտարարությունը նա արել է Բրյուսելում՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Բրյուսելն ունի մարդկանց միավորելու յուրահատուկ կարողություն։ Այստեղ տեղի ունեցավ ինքնաբուխ հանդիպում իմ լավ ընկերոջ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այս տարի կրկին կհանդիպենք՝ Երևանում Էստոնիայի դեսպանության բացմանը»,- գրել է նա X միկրոբլոգում։
Իր հերթին՝ Միրզոյանը կիսվել է էստոնացի գործընկերոջ հրապարակմամբ՝ նշելով, որ «անհամբեր սպասում է մոտ ապագայում Երևանում սպասվող հանդիպմանը, այդ թվում՝ Էստոնիայի դեսպանության բացման շրջանակում»։
Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Էստոնիայի միջև հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 23-ին։ Երկու երկրները պահպանում են ակտիվ գործընկերություն, որը միտված է Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգին։




































