«Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը փորձել է համոզել ՔՊ նախկին պատգամավորներ, ՄԱՍԿ հիմնադիր Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի համար ստորագրել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նախագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը, միասին ունեն 34 ստորագրություն։ Աղազարյանը հրաժարվել է ստորագրել Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենթի տակ, քանի որ ավելի վաղ մերժվել էր իրենց առաջարկած թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը։
Նախօրեին երևանյան սրճարաններից մեկում Համբարձումյանին և Աղազարյանին միասին են տեսել, սակայն Աղազարյանը, թերթի պնդմամբ, անդրդվելի է մնացել։
Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։
Ասլանյանն ու Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին Մարուքյանի թեկնածությունը։






































