ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արաղչին Երևան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պատվիրակության կազմում։
Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին։
Այսօր ավելի վաղ Իրանի նախագահի հետ Հայաստանում համատեղ հայտարարության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկուստեք համաձայնել են հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Փեզեշքիանը շեշտել էր, որ Հարավային Կովկասի խնդիրները ոչ տարածաշրջանային պետություններին արտահանձնելը միայն կբարդացնի իրավիճակը։
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց, ընդհանուր առմամբ, ողջունել էր համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:






































