ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշվում է, որ վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։
«Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ»,- ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել են խաղաղության հաստատելու մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:




































