Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։
«Որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ։ Դրա արտահայտություններից մեկը Հայաստանում վերջերս ընդունված օրենքն էր ՀՀ-ի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկ տալու վերաբերյալ»,- նշել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում իրականությունը, և Հայաստան ձգտում է կարգավորել ու խորացնել հարաբերությունները հարևանների հետ։
«Ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ միջազգային բոլոր գործընկերների, տարածաշրջանի երկրների հետ։ Ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ՝ Վրաստանի, Իրանի և, իհարկե, խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ»,- հավելել է Փաշինյանը։
Մեկնաբանելով ԵՄ-ին ձգտող (ԵՄ-ին երկրի անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը-խմբ․) և, միաժամանակ, Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցել ցանկացող (Փաշինյանի մասնակցության հաստատումը Մայիսի 9-ի տոնակատարություններին-խմբ․) Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հնարավոր հակասության հարցը, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը բավականին անկեղծ է միջազգային գործընկերների հետ։
«Մեր մոտեցումն է՝ օգտագործել մեր ինքնիշխանությունը հարաբերությունները բոլոր այն ուղղություններով խորացնելու համար։ Իհարկե, կարող են լինել իրավիճակներ, երբ տարբեր ուղղություններով լինեն որոշակի լարումներ, որոշակի հատումներ, և մենք այդ իրադրության կառավարումը պատկերացնում ենք մեր թափանցիկության, ազնվության, բացության մեջ, որպեսզի բոլոր գործընկերներին մեր մոտեցումները, պատկերացումները բավարար չափով պարզաբանված լինեն, մութ անկյուններ մեր կողմից վարվող քաղաքականությունների, դրանց պատճառների, հիմնավորումների վերաբերյալ չլինեն»,- ասել է նա։
Ապրիլի 27-ին Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Էստոնիա։ Տալլինում Փաշինյանը հանդիպել էր Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել e-Estonia Briefing կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում։