Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 5-ին՝ Գյումրի կատարած այցի ընթացքում արձանագրվել է միջադեպ, որը զարմացրել է ֆրանսիական պատվիրակությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը
Ըստ պարբերականի՝ ծրագրված էր Մակրոնի այցը Գյումրու ֆրանսիական թեքումով թիվ 10 դպրոց, ինչին կրթօջախը պատրաստվել էր շուրջ երեք ամիս։ Սակայն այցը չեղարկվել էր օրակարգային փոփոխությունների պատճառով. Մակրոնի պատվիրակությունը ժամանել էր ժամանակին, մինչդեռ Փաշինյանն ուշացել էր:
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, տեսնելով, որ չեն հասցնում այցելել կրթօջախ, դպրոցի տնօրինությանը հրավիրել էր Վարդանանց հրապարակ, որտեղ նախատեսված էր համերգային ծրագիր, սակայն հրապարակում դպրոցի անձնակազմը բախվել էր վարչապետի թիկնազորի դիմադրությանը։
Թերթը գրել է, որ հետնաբեմում միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանը վայր էր ընկել։ Իրավիճակին ստիպված էին միջամտել Մակրոնի աշխատակազմի ներկայացուցիչները՝ հավաստիացնելով, որ մարդիկ այնտեղ են Ֆրանսիայի նախագահի անձնական հրավերով։
Դպրոցի սաներն այդպես էլ չեն կարողացել ներկայացնել իրենց պատրաստած միջոցառումը և բավարարվել են միայն Մակրոնի հետ լուսանկարվելով։
Թեև դպրոցի ֆեյսբուքյան էջը պաշտոնապես հայտնել է ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի այցի և նախագահի հատուկ հրավերով համերգին մասնակցելու մասին, սակայն միջադեպի մանրամասները պաշտոնական լրահոսում չեն հիշատակվել։




































