Թուրքիան որոշում է կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները, հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Հայկական կողմից որոշմանն արձագանքել է ԱԺ փոխխոսնակ, հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով, որ խոսքը մաքսային ձևակերպումների փոփոխության մասին է։
Նրա խոսքով՝ նոր կարգավորմամբ հնարավոր կլինի որպես ապրանքների վերջնական նպատակակետ կամ ելակետ նշել «Հայաստան/Թուրքիա», ինչը նախկինում հնարավոր չէր և պահանջում էր վերաձևակերպումներ երրորդ երկրների միջոցով։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։
ՀՀ ԱԳՆ-ն այս քայլը որակել է որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունք՝ շեշտելով, որ այն կարող է տրամաբանական շարունակություն ստանալ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով: Գերատեսչությունը կարևորել է որոշումը՝ տարածաշրջանում տնտեսական կապակցվածության խթանման տեսանկյունից:
Անդրադառնալով հաղորդակցությունների հետագա բացմանը՝ Ռուբինյանը նշել է, որ կողմերը շարունակում են աշխատել սահմանի, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման ուղղությամբ։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակն, իր հերթին, հավելել է, որ սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական գործընթացները դեռ շարունակվում են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ ուղիղ առևտուրը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հավելել է, որ մինչ այս որոշումը Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։
Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի կամ միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։ ՊԵԿ-ը նշել է, որ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։
Թարմացված է՝ 13.05.2026 | 13։26


































