Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Հռչակագիրն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը՝ շեշտելով Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Հռչակագիրը երեք հիմնական դրույթ ունի՝ պաշտպանության և անվտանգության, տնտեսական աճ ու զարգացում, կառավարում և ժողովրդական դիմակայունություն։
Պաշտպանություն և անվտանգություն
Նրանք ընդգծել են տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման, Հայաստանի՝ անվտանգության փոփոխվող մարտահրավերները կառավարելու կարողությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական համագործակցությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, սահմանային անվտանգությունը և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կիբեռդիմակայունությունը և խառնածին սպառնալիքներին ավելի լայն արձագանքը: Կողմերը նաև հաստատել են իրենց մտադրությունը՝ համագործակցել բազմակողմ հարթակներում, որտեղ համընկնում են շահերը և առկա են հնարավորություններ:
Տնտեսական աճ և զարգացում
Կողմերը համատեղ նպատակ ունեն խթանել Հայաստանում կայուն տնտեսական աճը և դիվերսիֆիկացումը, խորացնել երկկողմ առևտրային և ներդրումային կապերը և ամրապնդել տարածաշրջանային կապակցվածությունը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում՝ որպես կայունությունն ու բարգավաճումը խթանող գործոններ։ Նրանք գիտակցում են գործարար միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու, ներդրումները խթանելու և փոխադարձ համաձայնությամբ որոշակի ոլորտներում համագործակցելու կարևորությունը։
Կառավարում և ժողովրդավարական դիմակայունություն
Կողմերը ժողովրդավարական արժեքների, թափանցիկ և արդյունավետ կառավարման, ինչպես նաև ներառական ինստիտուտների նկատմամբ համատեղ հանձնառություն ունեն։ Նրանք գիտակցում են հանրային հատվածի գործունեության ամրապնդման, ազատ և արդար ընտրությունների ապահովման, խառնածին սպառնալիքներին հակազդելու, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը խթանելու և անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայր ստեղծելու կարևորությունը։ Նրանք նաև հանձնառու են ուսումնասիրել երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները, որոնք կամրապնդեն ժողովրդավարական դիմադրողականությունը։




































