Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Ստամբուլում տեղի ունեցած հանդիպմանը մտահոգություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի-իշխանություն առճակատումների առնչությամբ:
Արքեպիսկոպոսը մաղթել է, որ մոտ ապագայում վերջանա «անօգուտ ձգվող այս կացությունը» և վերահաստատվի հաշտություն ու համերաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև:
Մաշալյանն ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքն ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը:
Սիմոնյանը Ստամբուլում է՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Այնտեղ հանդիպել է նաև իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Վերջինս բազմիցս ակնարկել է, որ հեռանալու մտադրություն չունի:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է «բարեփոխել» Հայ Առաքելական եկեղեցին՝ նախատեսելով ղեկավարության փոփոխություն, նոր կանոնադրության ընդունում և ֆինանսական թափանցիկություն։ Մայր Աթոռը դա քննադատել է:



































