Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան Ստամբուլում հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ՝ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
Ըստ ԱԺ լրատվականի հաղորդագրության՝ հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում` ապրիլի 17-ին:
Սիմոնյանն ու Գաֆարովան դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
Երկու հարևան երկրների խորհրդարանների նախագահները կարևորել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաև երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ գործընթացը քննարկվել էր նաև 2025-ի նոյեմբերին Ստամբուլում՝ հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպման ժամանակ:





































