«Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ) կմասնակցի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այսօրվա ասուլիսին հայտարարել են պատգամավորները:
«Ձևաչափի մասին դեռ որոշում չունենք: Բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ, և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ»,- նշել է Աղազարյանը։
Աղազարյանն ու Ասլանյանը «Քաղաքացիական պայմանագրի» բարձրագույն խորհրդի որոշմամբ հեռացվել էին կուսակցությունից:
Ասլանյանը կտրականապես բացառել է ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը:
«Մենք ՔՊ-ի հետ ոչ մի դեպքում չենք համագործակցի, որովհետև հեռացել են հեղափոխական արժեքներից։ Այն մարդիկ, ովքեր մտածում են՝ ՔՊ-ի հետ կարող ենք համագործակցել, չարաչար սխալվում են»,- հայտարարել է Ասլանյանը:
Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին էր հեռացրել կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Աղազարյանը հայտարարել էր, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ էին հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Բացի այդ, Աղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրա գործը գտնվում է դատարանում։
Ասլանյանն իշխող ուժից հեռացվել էր, երբ սոցիալական ցանցի նրա էջում հայտնվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ նամակագրության սքրինշոթը։ Այդ նամակագրության մեջ Հայրապետյանն Ասլանյանին ուղարկել էր «ապաշխարության» տեքստ, որը վերջինս պետք է հրապարակեր՝ հավանաբար կուսակցությունից հեռացվելուց հետո իր դիրքորոշումը մեղմելու համար։ Հայրապետյանը հետագայում հաստատել էր, որ ինքն է գրել այդ տեքստը՝ բացատրելով, որ Ասլանյանն իր նախկին դասախոսն էր և օգնություն է խնդրել՝ հուզական վիճակում արված հայտարարությունները շտկելու համար։



























