ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից երաշխավորված և բարձր պաշտոնի հասած մի շարք անձինք առաջիկայում կձերբակալվեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի, պրոռեկտոր Մարինա Հարությունյանի և մի քանի աշխատակցի ձերբակալությունն «ուղիղ «հարված» է Անդրեասյանին, քանի որ նրանք մտերիմ ընկերուհիներ են: Բացի այդ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն Անդրեասյանն է, հիշեցրել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անդրեասյանին հանձնարարել է մանրամասն զեկուցել ստեղծված իրավիճակը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հոկտեմբերի 17-ին ձերբակալել էր մանկավարժական համալսարանի ռեկտորին և պրոռեկտորին «համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու» կասկածանքով:





































