ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով կասկածյալներից մեկի՝ Մ.Մ.-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մի խումբ անձանց կողմից քաղաքական դրդապատճառներով պետական գործչի սպանության նախապատրաստման, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Գործը հարուցվել էր դիմակավորված անձանց տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ սպառնալիքներ էին հնչում Փաշինյանի հասցեին։
Ըստ քննության տարբերակի՝ 2024 թվականից արտերկրում բնակվող կասկածյալը գործել է հինգ անձից բաղկացած խմբի կազմում։ Իրավապահները պնդում են, որ գործով անցնող անձինք ինքնությունը թաքցնելու համար ձեռք են բերել հանդերձանք ու դիմակներ, տեղեկություններ են հավաքել վարչապետի գտնվելու վայրերի ու նրա նախընտրական քարոզարշավի երթուղիների մասին, ինչպես նաև պայմաններ են ստեղծել հանցագործությունը կատարելու համար։
Քննության տվյալներով՝ 2026 թվականի մայիսի 16-ին խմբի անդամները նաև ապօրինի հասանելիություն են ստացել ընդհանուր օգտագործման համար չնախատեսված համացանցային հարթակի ուղիղ տեսահեռարձակմանը, ինչից հետո հրապարակել են տեսաուղերձ և այդպիսով խոչընդոտել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությանը։
Հունիսի 1-ին՝ ավելի ուշ, դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Մ.Մ.-ի նկատմամբ։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստաթղթեր է ուղարկել ՆԳՆ։ Գերատեսչության տվյալներով՝ Մ.Մ.-ն 2024 թվականից բացակայում է Հայաստանից և, ըստ նախնական տվյալների, գտնվում է Ռուսաստանում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փաշինյանը, Արաբկիր վարչական շրջանում անդրադառնալով այս տեսանյութին, հայտարարել էր, որ հեղինակներն Արցախից «փախածներ են»։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ նա վիճաբանություն էր սկսել Արցախից տեղահանված քաղաքացու հետ, սպառնացել նրան, անվանել՝ «լակոտ», «փախած»։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ իշխանությունների հրահանգով խուզարկություններ են իրականացվում հանրային ակտիվ գործունեություն ծավալող արցախցիների տներում։ Մամուլի փոխանցմամբ՝ որպես պատրվակ օգտագործվել է «դիմակավորված արցախցիների» տեսանյութը, սակայն հենց իրենց՝ արցախցիների շրջանում տարածված է այն տեսակետը, որ դա իշխանությունների «բեմադրածն է»։
Թարմացված է՝ 01.05.2026 | 18։20






































