Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի խափանման միջոցը վերացվել է հսկող դատախազի որոշմամբ, հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Պաշտպանական կողմի տվյալներով՝ Մինասյանն արդեն լքել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։
Ավելի ուշ դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Դատախազությունից հավելել են, որ դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան:
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում՝ պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել, իսկ ապրիլի 13-ին՝ կալանավայր։
























